Մեզ համար շատ ցանկալի կլիներ, եթե իրավական տեսանկյունից լիներ որևէ գործիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը ամբողջությամբ խոշորացույցի տակ անցկացնելու համար, բայց ցավոք պառլամենտական քննիչ հանձնաժողովի տրամաբանությունը մեզ թույլ է տալիս քննելու միայն գումարի այն հատվածը, որը մուտք է արվել պետական բյուջե։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում «Հայաստան» հիմնադրամին փոխանցված գումարները Կառավարությանը տալու հարցով հրավիրված նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Այս իշխանության օրոք արդեն իսկ եղել են դրվագներ, որոնք այս կամ այն կերպ վնասել են հիմնադրամի բարի համբավին` սա ասում եմ առանց իրավական գնահատական տալու։ Նաև թող Հայկակ Արշամյանի մոտ թյուր կարծիք չձևավորվի, որ ինքը գալու է այս հանձնաժողով և ներկայացնի, թե ինչն է վնասել հիմնադրամին ինչը` ոչ։ Պարոն Արշամյանը գալու է  մեր հրավերով և իր ու բոլորիս շահերից բխելով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը և առհասարակ սփյուռքի ֆինանսական և ոչ ֆինանսական օգնությունը մեր երկրի կայացման գործում շատ ավելի մեծ է ու շատ ավելի կարևոր է քան իշխանության` հույս ունեմ կարճատև կառավարումը»,-ասաց Մամիջանյանը:

Նա շեշտեց, որ Հայկակ Արշամյանի հետ համատեղ հանձնաժողովը փորձելու է պարզել` ինչ է տեղի ունեցել։