Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը արագ փոփոխվող, անկայուն աշխարհում երեք ամենամեծ սպառնալիքներն են ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար, հայտարարել է բրիտանական արտաքին հետախուզության MI6 գործակալության ղեկավար Ռիչարդ Մուրը, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ երեք երկրներն ու միջազգային ահաբեկչությունը կազմում են անվտանգության խնդիրների «մեծ քառյակը», որոնց բախվում են հատուկ ծառայությունները։

2020 թվականի հոկտեմբերին գաղտնի հետախուզական ծառայության, որը նաեւ հայտնի է որպես MI6, ղեկավարությունը ստանձնելուց հետո իր առաջին հրապարակային ելույթում Մուրն ասել է, թե Չինաստանը հետախուզական գործակալության «ամենամեծ առաջնահերթությունն է»:

Չինաստանը անվանելով «ավտորիտար պետություն՝ մեզնից տարբերվող արժեքներով», նա հայտարարել է, որ Պեկինը «լայնածավալ լրտեսական գործողություններ» է իրականացնում Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների դեմ, փորձում է «խեղաթյուրել հանրային դիսկուրսը եւ քաղաքական որոշումների կայացումը» եւ արտահանել տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ընդլայնել իր «ավտորիտար վերահսկողության ցանցը» ամբողջ աշխարհում։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան նաեւ շարունակում է «բախվել Ռուսաստանի կողմից սուր սպառնալիքի հետ»։ Նա Մոսկվային մեղադրել է 2018 թվականին Անգլիայում նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձ կազմակերպելու, կիբեռհարձակումների եւ այլ երկրներում ժողովրդավարական գործընթացներին միջամտելու փորձերի մեջ։ «Մենք, մեր դաշնակիցներն ու գործընկերները պետք է դիմակայենք եւ զսպենք Ռուսաստանի գործողությունները, որոնք հակասում են կանոնների վրա հիմնված միջազգային համակարգին»,- ասել է MI6-ի ղեկավարը։

Մուրն ասել է, որ Իրանը նույնպես լուրջ սպառնալիք է ներկայացնում եւ «Հեզբոլլահն» օգտագործում է «հարեւան երկրներում քաղաքական անկարգություններ հրահրելու համար»:

Լրտեսներ եւ նոր տեխնոլոգիաներ

Նա պնդել է, որ բրիտանացի լրտեսները պետք է հրաժարվեն իրենց խորը արմատավորված գաղտնիքներից եւ օգնության համար դիմեն տեխնոլոգիական ընկերություններին՝ հաղթելու կիբեռանվտանգության սպառազինությունների մրցավազքում, որը թշնամական երկրներին եւ խմբերին ավելի մեծ հնարավորություններ է տալիս:

Արհեստական բանականության եւ այլ արագ զարգացող տեխնոլոգիաների կործանարար ներուժը նշանակում է, որ լրտեսական գործակալությունը պետք է «ավելի բաց դառնա՝ ապակայունացնող տեխնոլոգիական փոփոխությունների աշխարհում գաղտնի մնալու համար», ասել է նա:

«Ըստ որոշ գնահատականների՝ առաջիկա 10 տարում մենք կարող ենք ավելի շատ տեխնոլոգիական առաջընթաց զգալ՝ արդյունաբերական հեղափոխությանը հավասար ավերիչ ազդեցությամբ»,- նշել է նա։ «Որպես հասարակություն՝ մենք դեռ չենք ըմբռնել այս ակնհայտ փաստը եւ դրա հնարավոր ազդեցությունը համաշխարհային աշխարհաքաղաքականության վրա։ «Մեր հակառակորդները գումար եւ հավակնություն են ներդնում արհեստական բանականության, քվանտային հաշվարկների եւ սինթետիկ կենսաբանության յուրացման համար, քանի որ նրանք գիտեն, որ այս տեխնոլոգիաների յուրացումը իրենց առավելություն կտա»,- ասել է Մուրը: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի գործակալները «այժմ ձգտում են համագործակցել տեխնոլոգիական համայնքի հետ, որպեսզի օգնեն համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաների զարգացմանը՝ մեր ամենամեծ խնդիրները լուծելու համար»:

«Ի տարբերություն Բոնդի ֆիլմերում Q-ի, մենք ինքներս չենք կարող այդ ամենն անել»,- հավելել է Մուրը՝ նկատի ունենալով Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում MI6-ի համար հորինված գաջեթներ արտադրողին:

Մուրն ասել է, որ մասնավոր հատվածի հետ աշխատանքը «արմատական փոփոխություն» է գաղտնիությամբ պարուրված կազմակերպության համար:

Մինչեւ 1992 թվականը Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում էր հաստատել MI6-ի գոյությունը։ Վերջին տարիներին կազմակերպությունն աստիճանաբար ավելի բաց է դարձել՝ թույլ տալով անգամ պաշտոնական պատմության հրապարակումը, թեեւ դա վերաբերում է միայն 1949 թվականին։

MI6-ը 1990-ականներին սկսեց հրապարակայնորեն բացահայտել իր ղեկավարի անունը, ով օգտագործում է C ծածկանունը, եւ Մուրը ծառայության առաջին ղեկավարն է, որն Twitter-ում էջ ունի: