Իրանի ղեկավարության շահերը կապված են երկրի հյուսիսում դիվերսիֆիկացված հաղորդակցական երթուղիների կառուցման հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։

Նա պարզաբանել է, որ Իրանն ունի ելք դեպի Հնդկական օվկիանոս, հնարավորություն ունի օգտվելու Հորմուզի նեղուցից, Սուեզի ջրանցքից, սակայն սրանք բավականին ռիսկային ճանապարհներ են, հետեւաբար մայրցամաքային հաղորդակցությունը Թուրքիայով, Վրաստանով՝ Հայաստանի տարածքով, Ռուսաստանով, Ադրբեջանով շատ կարեւոր է Իրանի համար: Սա իրանական նախագծերի բաղադրիչներից մեկն է։

«Թեհրանը բավականին հետեւողական է գործում, եւ նրա համար ձեռնտու չէ հյուսիս-հարավ ճանապարհով հաղորդակցություն հաստատելը միայն Ադրբեջանով, քանի որ այս դեպքում Բաքուն ճնշում գործադրելու լծակ կունենա։ Ուստի Իրանը չի հրաժարվի դիվերսիֆիկացիայից եւ մի քանի երթուղիների գործարկման հասնելու ձգտումից՝ Հայաստանով, Ադրբեջանով, Կասպից ծովով դեպի Ռուսաստան», - ընդգծել է Գեւորգյանը։

Փորձագետը կարեւորել է Իրանի եւ Հնդկաստանի ղեկավարության փոխկապակցվածությունն ու արտաքին քաղաքական ակտիվությունը՝ հիշեցնելով, որ դեկտեմբերի 6-ին Պուտինը պետք է մեկնի Նյու Դելի՝ շատ լուրջ բանակցությունների համար, որոնցում կքննարկվեն նաեւ հաղորդակցության այս բոլոր ուղիները, քանի որ դրանում շահագրգռված է նաեւ Հնդկաստանը։

Նա նշել է, որ այս ֆոնին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ «Հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբեր-նոյեմբերին թե՛ սահմանին, թե՛ երկրների հարաբերություններում ստեղծված լարվածությունից հետո։ Սա կարող է վկայել Ադրբեջանի ղեկավարության՝ դեպի Իրան զգուշավոր դրեյֆի մասին», - եզրափակել է Գեւորգյանը։

«Հյուսիս-Հարավ» միջանցքը անցնում է Հայաստանի տարածքով՝ հարավից հյուսիս, եւ տանում է դեպի Սեւ ծովի վրացական նավահանգիստներ, այնուհետեւ՝ դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ եւ ԵՄ։