Դուբայից հայ գործարարը 1 միլիոն դոլար է շահել Dubai Duty Free (DDF) Millionaire վիճակախաղի վերջին խաղարկությունում, որը տեղի է ունեցել Դուբայի օդանավակայանում, հաղորդում է Gulf News-ը։

50-ամյա Աբրահամ Մելքոնյանը երեք երեխաների հայր է, նա ծանր տեխնիկայի բիզնես ունի Դուբայում եւ Շարժայում։ Մելքոնյանն առաջին հայն է, ով շահել է Դուբայի միջազգային օդանավակայանի A տերմինալում խաղարկված վիճակախաղում։

Նա իր շահող տոմսը (համար 4351) նոյեմբերի 18-ին է գնել։ DDF-ի հիմնադրման օրվանից դրա մշտական մասնակից Մելքոնյանը 32 տարի ապրում է Դուբայում։ Նախկինում նա BMW 750 LI XDrive ավտոմեքենա է շահել:

«Ես շնորհակալ եմ հաղթելու երկրորդ հնարավորության համար»,- ասել է նա: Մելքոնյանը նախատեսում է ավելի մեծ տուն կառուցել, բարելավել իր բիզնեսը եւ գումար նվիրաբերել բարեգործությանը։