Ճապոնիան եւ ԱՄՆ-ն չեն կարող մի կողմ կանգնել Թայվանի վրա չինական հարձակման դեպքում, եւ Պեկինը պետք է դա հասկանա, ասել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Ազգային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Թայվանի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված վիրտուալ ֆորումին` Աբեն նշել է, որ Սենկակու կղզիները, որոնք Չինաստանը Դյաոյու կղզիներ է անվանում, գտնվում են Թայվանից ընդամենը 100 կմ հեռավորության վրա:

Նա հավելել է, որ Թայվան զինված ներխուժումը «լուրջ վտանգ» կստեղծի Ճապոնիայի համար։ «Թայվանում արտակարգ դրությունն արտակարգ իրավիճակ է Ճապոնիայում եւ, ուստի` արտակարգ իրավիճակ ճապոնա-ամերիկյան դաշինքի համար: Մարդիկ Պեկինում, մասնավորապես՝ նախագահ Սի Ցզինպինը, պետք է գիտակցեն դա»,- ասել է Աբեն։

Ճապոնիայում ԱՄՆ-ի խոշոր ռազմակայաններ են տեղակայված, այդ թվում՝ Թայվանի մոտ գտնվող Օկինավա հարավային կղզում։ Միացյալ Նահանգներն իրավաբանորեն պարտավոր են Թայվանին պաշտպանության միջոցներ տրամադրել, թեեւ դեռեւս պարզ չէ` արդյոք այն զորքեր կուղարկի Չինաստանի հետ պատերազմում Թայվանին օգնելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ ամիս ասել էր, որ Միացյալ Նահանգները եւ դրա դաշնակիցները չճշտված «գործողություններ» կձեռնարկեն, եթե Չինաստանն ուժ կիրառի:

Աբեն, ով անցյալ տարի լքել էր վարչապետի պաշտոնը, իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ամենամեծ խմբակցության ղեկավարն է եւ շարունակում է ազդեցիկ քաղաքական գործիչ մնալ:

Ինչ վերաբերում է չին-ճապոնական հարաբերությունների զարգացմանը, ապա Աբեն ասել է, որ Ճապոնիան պետք է զարգացնի իր հարաբերությունները Չինաստանի հետ։ «Ճապոնիան, Թայվանը եւ բոլոր մարդիկ, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, պետք է մշտապես կոչ անեն նախագահ Սի Ցզինպինին եւ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության մյուս առաջնորդներին չգնալ սխալ ճանապարհով»,- ասել է Աբեն:

Ճապոնիան եւ Թայվանը պետք է միասին աշխատեն՝ ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու համար, հավելել է Աբեն։
«Ավելի ուժեղ, բարգավաճ Թայվանը, որը երաշխավորում է ազատությունն ու մարդու իրավունքները, նույնպես բխում է Ճապոնիայի շահերից: Իհարկե, դա բխում է նաեւ ողջ աշխարհի շահերից»,- ասել է Աբեն։