Թել Ավիվն ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքն է ճանաչվել, քանի որ թռիչքային գնաճը նպաստել է կյանքի արժեքի աճին ամբողջ աշխարհում: Իսրայելական քաղաքը բարձրացել է հինգ աստիճան եւ առաջին անգամ առաջին տեղն է զբաղեցրել Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից կազմված հեղինակավոր վարկանիշում, հայտնում է AFP-ն։

Կյանքի արժեքի համաշխարհային ինդեքսը (Worldwide Cost of Living Index) կազմվում է 173 քաղաքներում ապրանքների եւ ծառայությունների` դոլարով գների համեմատման միջոցով:

Վարկանիշային աղյուսակում Թել Ավիվը մասամբ բարձրացել է դոլարի նկատմամբ ազգային արժույթի` շեկելի ուժի, ինչպես նաեւ տրանսպորտի եւ սննդամթերքի գների աճի շնորհիվ:

Երկրորդ տեղը միասին զբաղեցրել են Փարիզն ու Սինգապուրը, որոնց հաջորդում են Ցյուրիխը եւ Հոնկոնգը։ Նյու Յորքը վեցերորդն է, Ժնեւը՝ յոթերորդը։ Տասնյակը եզրափակում է Կոպենհագենը՝ ութերորդը, Լոս Անջելեսը՝ իններորդը, ճապոնական Օսական՝ տասներորդը։