Ավստրալիան լայնածավալ խորհրդարանական հետաքննություն կանցկացնի աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների վարքագծի վերաբերյալ նոր օրենսդրություն ընդունման անհրաժեշտության համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է Reuters-ը:

Ավստրալիան գլխավորել է Alphabet-ի եւ Facebook-ի նման ընկերությունների ուժն օրենսդրությամբ զսպմանն ուղղված գլոբալ ջանքերը` օրենք ընդունելով, որը որպես օրինակելի էր ճանաչվել:

Մորիսոնը հայտարարել է, որ նոր հետաքննությունը լայն տարածում կունենա, ներառելով խնդրանքը կոմիտեի օրենսդիրներին ուսումնասիրել սոցիալական մեդիա հարթակների կողմից օգտագործվող ալգորիթմները, ինչպես են ընկերությունները ստուգում ինքնությունը եւ տարիքը:

«Մեծ տեխնոլոգիաների վերաբերյալ շատ հարցեր կան, որոնց պատասխանը պետք է տրվի»,- ասել է Մորիսոնը լրագրողներին:- Այս հարթակները մեծ տեխնոլոգիաներ են ստեղծել, նրանք պատասխանատու են դրանց անվտանգության համար»։

Նոր հետաքննության մասին հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կխորացնի լարվածությունն Ավստրալիայի կառավարության եւ Facebook-ի միջեւ, որը վերջերս փոխել է իր անունը Meta-ի, ինչպես նաեւ` Google-ի միջեւ:

Այս տարվա սկզբին Ավստրալիան կոշտ նոր օրենքներ ընդունեց, որոնք երկու տեխնոլոգիական ընկերություններից պահանջում էին տեղական լրատվամիջոցներին վճարել քոնթենթի համար, մինչդեռ Կանբերան օրենքներ առաջարկեց, որոնք կստիպեին նրանց բացահայտել անանուն էջերով մարդկանց ինքնությունը, եթե մեկ այլ անձ նրանց մեղադրի զրպարտության մեջ:

Երբ Ավստրալիան օրենք առաջարկեց, որը պարտավորեցնում էր երկու ընկերություններին վճարել տեղական լրատվամիջոցներին քոնթենթի համար, Google-ը սպառնաց փակել իր ավստրալական որոնողական համակարգը, իսկ Facebook-ը մոտ մեկ շաբաթով հեռացրեց երրորդ կողմի քոնթենթն ավստրալկան էջերից:

Երկու ընկերություններն էլ, ի վերջո, գործարքներ կնքեցին ավստրալական մեդիա ընկերությունների հետ այն բանից հետո, երբ մի շարք օրենսդրական փոփոխություններ առաջարկվեցին:

Նոր հետաքննության համար պատասխանատու կոմիտեն իր արդյունքները կներկայացնի մինչեւ 2022 թվականի փետրվարի 15-ը։