Ավստրալիայում Covid-ի կարանտինային համալիրից կեսգիշերին փախած երեք տղամարդ է ձերբակալել, հայտնում է BBC-ն։

Հյուսիսային տարածքում Դարվինից քիչ հեռու գտնվող Հովարդ Սփրինգս կենտրոնը Ավստրալիայի հիմնական կարանտինային վայրերից մեկն է երկիր վերադարձող մարդկանց համար: Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդիկ բարձրացել են ցանկապատի վրայով՝ շենքից դուրս գալու համար:

Նախօրեին կորոնավիրուսի թեստերի արդյունքները բոլորի մոտ բացասական էին: Նրանց մի քանի ժամ անց բերման են ենթարկել:

Համալիրի շրջակայքում ոստիկանները հսկիչ անցակետեր են տեղադրել եւ ստուգել տարածքում շարժվող ավտոմեքենաները։

Անցյալ ուրբաթ 27-ամյա մի երիտասարդ ցատկել էր կենտրոնական ցանկապատի վրայով եւ թաքնվել Դարվինի կենտրոնում սպասող ավտոմեքենայի մեջ: Ավելի ուշ նա ձերբակալվել էր, նրա  մոտ Covid-19-ի ախտորոշման թեստի արդյունքները բացասական էին:

Հովարդ Սփրինգսը կարող է ընդունել մինչեւ 2000 մարդ: Սա հին հանքարդյունաբերական ճամբար է, որն Ավստրալիայի կառավարությունն անցյալ օգոստոսին կարանտինային կենտրոնի վերածեց: Այնտեղ եղել է օմիկրոն տարբերակի մեկ հաստատված դեպք՝ Հարավային Աֆրիկայից ուղեւորի մոտ, ով ժամանել էր նոյեմբերի 25-ին:

Օմիկրոնով վարակման դեպքեր հայտնաբերվել են նաեւ Սիդնեյում։ Ավստրալիան հետաձգել է իր միջազգային սահմանների բացումը մինչեւ դեկտեմբերի կեսերը՝ այս տարբերակի հետ կապված մտահոգությունների պատճառով: