Շրի Լանկայում հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ խոհանոցներում գազի անբացատրելի պայթյուններն ու հրդեհները հետաքննելու համար, հայտնում է AFP-ն։

Մեկ օրում 14 պայթյունների մասին ոստիկանության եւ լրատվամիջոցների հաղորդումներից հետո նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ութ հոգուց բաղկացած հանձնաժողով է ստեղծել՝ երկու շաբաթվա ընթացքում  դեպքերը հետաքննելու եւ զեկուցելու համար:

Սպառողների հարցերով նախարար Լասանտա Ալագիյավաննան խորհրդարանին ասել է, որ ամեն օր միջինը 10 պայթյուն է գրանցվում։ «Մենք համաձայն ենք, որ Շրի Լանկայի 5,1 միլիոն տնային տնտեսությունների ավելի քան 40%-ը վախի մեջ է ապրում : Կառավարությունը սպառողների կողմից է, եւ հետաքննության ավարտից հետո ամբողջական զեկույցը կներկայացվի Ներկայացուցիչների պալատին»,-ասել է նա։

Մայրաքաղաք Կոլոմբոյում McDonald's ռեստորանում հրդեհ է բռնկվել նոյեմբերի 20-ին գազի արտահոսքի պատճառով։ Այդ ժամանակվանից ի վեր մի քանի դեպք է եղել, երբ գազօջախները պայթել կամ բռնկվել են։