ԱՄՆ-ը կպարտվի տիեզերական սպառազինությունների մրցավազքում, եթե քայլեր չձեռնարկի։ Այս մասին The Washington Post-ին հայտնել է նոր ռազմական ստորաբաժանումում տիեզերական գործողությունների բաժնի պետի տեղակալ, գեներալ Դեյվիդ Թոմփսոնը։

Նրա խոսքով՝ Չինաստանը եւ Ռուսաստանը «կանոնավոր  կերպով հարվածներ են հասցնում ԱՄՆ արբանյակներին լազերներով, կիբեռհարձակումներով»։ «Սպառնալիքներն իսկապես ամեն օր աճում եւ ընդլայնվում են։ Եվ սա իսկապես գործունեության էվոլյուցիա է, որը շարունակվում է արդեն վաղուց»,-ասել է նա։

Թոմփսոնը զեկուցել է 2019 թվականի միջադեպի մասին, երբ ռուսական արբանյակն այնքան մոտ է թռչել ԱՄՆ-ի «ազգային անվտանգության արբանյակին», որ իշխանությունները կարծում են, որ դա կարող էր հարձակում լինել։  «Այն մանեւրել է շատ մոտ,  վտանգավոր, սպառնալից, այնպես, որ բախման վտանգ է առաջացել»,-ասել է նա։ «Պարզ է, որ ռուսները մեզ հաղորդագրություն են ուղարկել»,-հավելել է Թոմփսոնը։

Թոմփսոնն ասել է, որ Չինաստանն այժմ արբանյակներ է ուղարկում տիեզերք երկու անգամ ավելի արագ, քան Միացյալ Նահանգները եւ շուտով կգերազանցի երկրին ուղեծրային հզորությամբ: «Մենք դեռ լավագույնն ենք աշխարհում, դա ակնհայտ է հնարավորությունների տեսանկյունից, սակայն նրանք արագ հասնում են մեզ»,-եզրափակել է Թոմփսոնը։