«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կալանք տվող դատավորները գործի մեջ են.

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։

Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»:

Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է։