Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին։

«Ներուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում արդեն իսկ ձեւավորված ձեւաչափեր կան. դա եւ կոնտակտային խումբն է, որտեղ Կիեւը, Դոնեցկը եւ Լուգանսկը համագործակցում են Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ, ինչպես նաեւ գործում է «Նորմանդական ձեւաչափը»: Ի՞նչ իմաստ ունի դրանք կոտրել: Մենք դրանում իմաստ չենք տեսնում։ Հակառակը` դրանք պետք է խթանվեն, կողմերին խրախուսել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ… Մենք բաց չենք թողնի գեղեցիկ արտահայտություններ օգտագործելու բոլոր փորձերը՝ ինչ-որ կառուցողական երկիմաստության տեսքով, որը թաքցնում է մեր՝ որպես հակամարտության կողմի ըմբռնումը… Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ համապատասխանաբար ներուկրաինական հակամարտության մասով որեւէ միջնորդության մասին խոսք լինել չի կարող…»,- նշել է նա։

«Մենք երախտապարտ ենք Թուրքիային եւ նախագահ Էրդողանին ներուկրաինական կարգավորմանը նպաստելու ցանկության համար։ Այս ուղղությամբ կարեւոր քայլ կարող է լինել դրա ներդրումն Ուկրաինայի իշխանություններին համոզելու  գործում, որպեսզի այն հրաժարվի Դոնբասի նկատմամբ ագրեսիվ ծրագրերից: Միգուցե թուրքական կողմը կարողանա դրդել Կիեւի ռեժիմին ուղիղ երկխոսություն սկսել Դոնեցկի եւ Լուգանսկի հետ... Մենք կարծում ենք, որ Անկարան, որը զարգացած հարաբերություններ ունի Կիեւի հետ, կարող է նպաստել այս գործընթացին։ Հենց այսպիսի ազդեցությունը, այլ ոչ թե Ուկրաինային հարձակողական զենքի, այդ թվում` անօդաչու սարքերի մատակարարումը, կարող է իրական ներդրում ունենալ Դոնբասում խաղաղության վերականգնման գործում»: