Ես կարծում եմ, որ երբ այս կառավարությունը փոխվի, մեզ հաջողվի իրենցից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց իրական բոլոր շարժառիթները բխում է ազգային և պետական շահից, այդ դեպքում մենք կունենանք նաև հնարավորություն ազատել այդ ճանապարհները, նաև՝ Ճակատենինը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհի վերաբացման հնարավորության մասին լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և շեշտեց, որ միայն այդ դեպքում է հնարավոր բանակցությունները բերել առողջ դաշտ, այլ ոչ թե այն մշտապես վարել զիջումների պարտությունների ներքո:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ այսօր նման պատասխանատվություն պատրաստ է իր վրա վերցնել «Հայաստան» դաշինքը և ճշտեց, որ պարտավորություն ասելով նկատի ունի պետական և ազգային շահն առաջին պլան բերելը, ոչ թե անձնականը և աթոռներից կախված լինելը:

Վահե Հակոբյանը հայտարարեց, որ տեղեկություն չունի Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետքաշման լուրերի առնչությամբ:

Նրա խոսքով, ըստ երեւույթին, եղանակային պայմանները վատացել են, ադրբեջանցիներն էլ պատսպարվել են այդ հատվածում գտնվող իրենց ամրություններում եւ չեն երևում սարի գլխին, իսկ իրականում հետ քաշվելու մտադրություն չեն կարող ունենալ՝ ելնելով Հայաստանի իշխանությունների գործելաոճից։

«Իրենք տեսնում են, որ իրենց դեմ թուլամորթ, անատամ  անձնավորություն է, ո՞նց կարող է նման պայմաններում իրենց զորքին հետ քաշեն, մի պահ ձեզ դրեք Ալիևի տեղը՝ հետ կքաշվեի՞ք»,-ասաց Հակոբյանը և, պնդեց, որ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել:

«Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, սա իմ կարծիքն է։ Չեմ հասցրել տեղեկություն ստանալ՝ հիմա ինչ է կատարվում այնտեղ, բայց համոզված եմ, որ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել։ Ինչի՞ դիմաց պետք է հետ քաշվեին․ մեր Պաշտպանության նախարարությունի՞ց վախեցան՝ անհասկանալի կադրային փոփոխություններով», - ասաց պատգամավորը։

Նա բացառեց, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման վերաբերյալ կարող էր Սոչիում պայմանավորվածություն լինել, քանի որ ոչ մեկը չի վստահում Փաշինյանի խոսքերին. «Ով է այսօր հավատում Նիկոլ Փաշինյանին, նա կարող է գնալ Սոչիում ասել՝ ես պատրաստ եմ ստորագրել, հետո գնալ Բրյուսել ասել՝ ինձ ասում էին ստորագրի՝ չեմ ստորագրել, այստեղ կստրագրեմ: Ո՞վ է այսօր նրա խոսքի վրա հիմնվում», - նշեց Հակոբյանը։