Թուրքիան արդեն գնահատում է «Նախիջեւանի միջանցքի» բացման դեպքում տնտեսական օգուտները։

«Նախիջեւանի միջով տրանսպորտային միջանցքի բացումը կթեթեւացնի բեռնափոխադրումները Թուրքիայից ոչ միայն Ադրբեջան, այլեւ Կովկասի տարածաշրջանի այլ երկրներ եւ հետագայում՝ Կենտրոնական Ասիա»։ Այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի անկախ արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ասոցիացիայի (MÜSİAD) ներկայացուցչության ղեկավար Մեհմեդ Հիլմի Քագնըջին։

Նա վստահություն է հայտնել, որ «Նախիջեւանով դեպի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ տրանսպորտային նոր երթուղու բացումը կհանգեցնի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կտրուկ աճի»։

«Հույս ունենք, որ Նախիջեւանի միջանցքը կսկսի գործել որքան հնարավոր է շուտ։ Առեւտրաշրջանառության աճի հիմնական խոչընդոտը ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է։  Նախիջեւանի միջանցքի բացումը կթեթեւացնի տարածաշրջանում բեռնահոսքը։ Այս միջանցքը առեւտուրը կդարձնի ավելի հարմարավետ եւ շահավետ»,-ասել է նա։