«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է հրեա ցեղասպանագետ, Encyclopedia of Genocide երկհատոր հանրագիտարանի խմբագիր Իսրայել Չարնիի անձնական գրադարանի ավելի քան 50 միավոր գրքով, որոնք Ֆրանսիայից Հայաստան է բերել բժիշկ ՎիգԷն Կարապետեանը: Գրքերը նրան է փոխանցել Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի պաշտոնական կայքից:

2011 թ. Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»: Դեռևս 2013 թ. Իսրայել Չարնին իր անձնական գրադարանից շուրջ 700 միավոր ցեղասպանագիտական գրականություն էր նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին, իսկ 2015 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել էր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ, որտեղ և տեղ են գտնել նրա անձնական գրադարանի գրքերը:

Նվիրաբերված հարուստ գրականությունը հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել հրեական Ողջակիզման, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտներում: