Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և շտաբի ծառայողներ, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:

Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, ինչը կարևոր նշանակություն ունի ՀԱՊԿ անդամ-պետություններում հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:

Ելույթի իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը բարձր գնահատեց սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը՝ ընդգծելով կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել էր հայկական կողմը:

Ելույթներով հանդես եկան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրաբիզնեսի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Հակոբյանը և նույն վարչության հատուկ նշանակության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մուրադյանը:

Հաստատվեց նաև 2022 թվականին համակարգող խորհրդի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու որոշումը: