Աֆղանստանի տնտեսության համար հսկայական դրամական կորուստ են կանխատեսել՝ կանանց աշխատելու հնարավորությունները սահմանափակելու թալիբների որոշման հետ կապված: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակել է Bloomberg-ը։

ՄԱԿ-ի հետազոտության մեջ նշվում է, որ աֆղանցի կանանց համար աշխատանքի արգելքը երկրի տնտեսությանը կարող է գրեթե մեկ միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը) վնաս հասցնել։ Այս պահին Աֆղանստանի տնտեսությունը արագ աճող ինֆլյացիայի եւ կանխիկ փողերի դեֆիցիտի ժամանակաշրջան է ապրում։ Ընդ որում, կանայք երկրում աշխատուժի մոտ 20 տոկոսն են կազմում։

Սեպտեմբերին աֆղանցի կանայք զրկվեցին պետական գրասենյակներում, բանկերում, լրատվամիջոցներում եւ ընկերությունների մեծ մասում տղամարդկանց հետ աշխատելու հնարավորությունից: Այսպես, կանայք կարող էին աշխատել միայն այնտեղ, որտեղ տղամարդիկ չկան այն պատճառով, որ թալիբները որոշել են հետեւել շարիաթի եւ իսլամական իրավունքի իրենց տեսլականին:

«Ուզում եմ շատ հստակ նշել՝ առանց կանանց մասնակցության Աֆղանստանի տնտեսության լիարժեք վերականգնում չի կարող լինել: Մեր նախնական արդյունքները ցույց են տալիս, որ կրթված կանայք Աֆղանստանում ավելի շատ են նպաստում աշխատանքի արտադրողականությանը, քան նույն կրթական մակարդակ ունեցող տղամարդիկ»,- ասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար Աբդուլլահ Ալ-Դարդարին:

ՄԱԿ-ը նաեւ մատնանշում է, որ զբաղվածության ոլորտում աֆղանցի կանանց սահմանափակումն ավելացնում է երկրի տնտեսության դժվարությունները միջազգային աջակցության դադարեցման պայմաններում: Այլ երկրների կողմից տրամադրվող օգնության միջոցները կազմել են երկրի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը եւ բյուջետային բոլոր ծախսերի 80 տոկոսը: Միեւնույն ժամանակ, Աֆղանստանի արտասահմանյան պահուստներից ավելի քան 9 միլիարդ դոլարը մնում է սառեցված ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից՝ ահաբեկչության հետ թալիբների շարունակական կապերի, մարդու իրավունքների խախտումների եւ ներառական կառավարություն ստեղծելու անկարողության պատճառով: ՄԱԿ-ն ընդգծում է, որ հետագա տարիներին Աֆղանստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել մինչեւ 30 տոկոսով։

Աֆղանստանի տնտեսական խնդիրները ավելի վաղ սրվել էին բանկային ճգնաժամի պատճառով: Սեպտեմբերի վերջին երկրում սկսվել էր դրամական միջոցների զանգվածային դուրսբերում, իսկ բանկերի մեծ մասը դադարեցրել էր աշխատանքը կամ որոշ ծառայությունների մատուցումը: