«Թալիբան» շարժումը հաստատել է աֆղանա-իրանական սահմանին զինված բախումների դադարեցումը, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի օրը թալիբների եւ իրանցի սահմանապահների միջեւ։ Այս մասին հայտնել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ժամանակավոր կաբինետում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Բիլալ Քարիմիին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Աֆղանստանի արեւմտյան Նիմրոզ գավառի Կանգ գավառում կեսօրին ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել։ Միաժամանակ, արմատականների ներկայացուցիչը չի նշել հակամարտության պատճառները։

Ավելի վաղ աֆղանական լրատվամիջոցները հայտնել էին, որ սահմանին զինված բախումները սկսվել են տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում։ Բախումների ժամանակ կողմերը հրաձգային զենք եւ հրետանի են կիրառել, որի արդյունքում, ի թիվս այլ բաների, թալիբները, ըստ աֆղանական լրատվամիջոցների, վերահսկողություն են հաստատել իրանական մի քանի անցակետերի, մասնավորապես՝ «Դհերիս», «Դոստ Մոհամմադ» եւ «Բալա-է Սիյա Չաշման» նկատմամբ։

Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտնել է, որ սահմանային բախումները դադարեցվել են երկու կողմերի շփումների արդյունքում։ Իրանական կողմի տվյալներով՝ թալիբները կրակ են բացել իրանցի ֆերմերների վրա՝ սխալմամբ ենթադրելով, որ նրանք հատել են սահմանը։ Թեհրանը նույնպես հերքել է արմատականների կողմից իրանական անցակետերի գրավման մասին տեղեկությունները։