Իսրայելի Թել Ավիվն առաջին անգամ դարձել է աշխարհի «ամենաթանկ» քաղաքը՝ դուրս մղելով Փարիզին առաջին տեղից, վկայում են բրիտանական Economist Group ընկերության Economist Intelligence Unit վերլուծական ստորաբաժանման Worldwide Cost of Living նոր վարկանիշի տվյալները։

«Թել Ավիվն առաջին անգամ հայտնվել է վարկանշային աղյուսակի առաջին տեղում՝ բարձրանալով հինգերորդ տեղից, որ զբաղեցնում էր անցյալ տարի»,- ասվում է Economist Intelligence Unit-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքում գների աճը հիմնականում կապված է ԱՄՆ դոլարի նկատմամբ շեկելի բարձր փոխարժեքի, սննդի ու տրանսպորտի ծառայությունների թանկացման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Գների կտրուկ աճ է նկատվում նաեւ Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով 79-րդից տեղից հասել է 29-րդին:

Հետազոտության համաձայն՝ ամենացածր գները դիտարկվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Լիբիայի Տրիպոլիում։