Կորոնավիրուսի թեստավորումների ավելացումն ավելի արդյունավետ միջոց կլինի օմիկրոն շտամի դեմ պայքարում, քան միջազգային ուղեւորությունների նոր սահմանափակումները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ աֆրիկյան երկրների զարգացման վերաբերյալ իր ելույթում։

«Նման արգելքները ոչ միայն անարդար են եւ պատժիչ են վարակի մասին հաղորդող երկրների համար, այլեւ անարդյունավետ են։ Կոչ եմ անում բոլոր կառավարություններին դիտարկել կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորման եւ անհրաժեշտության դեպքում այլ արդյունավետ միջոցների ներդրումը։ Սա միակ ճանապարհն է նվազեցնելու փոխանցման ռիսկը՝ պահպանելով ուղեւորությունների եւ տնտեսական փոխազդեցության հնարավորությունները», - ասել է նա:

Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայի հարավում հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 շտամը՝ հունարեն «օմիկրոն» տառով է նշել: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այս տեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»: Փշանման սպիտակուցի մեջ միանգամից մի քանի փոփոխությունները կարող են դժվարացնել պաթոգենի չեզոքացումը հակամարմինների միջոցով։ Բացի այդ, ըստ նախնական տվյալների, շտամն ունի տարածվելու մեծ հատկություն։ Մի քանի երկրներ դադարեցրել են թռիչքները դեպի հարավային Աֆրիկա։