Աշխարհի 43 երկրներից մոտ 45 միլիոն մարդ կարող է բախվել սովի խնդրի։ Այս մասին ասվում է 2022 թվականի գլոբալ հումանիտար վերլուծության մեջ, որը հինգշաբթի հրապարակվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ծայրաստիճան աղքատությունը կրկին աճում է։ 43 երկրներում 45 միլիոն մարդու համար սովը մնում է սարսափելի հեռանկար»,-ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ աշխարհի ամենակարիքավոր մարդկանց օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի 41 միլիարդ դոլար։ «2022 թվականին աշխարհում 274 միլիոն մարդ հրատապ օգնության եւ պաշտպանության կարիք կունենա, ինչը 17 տոկոսով ավելի է, քան անցած տարվա հետազոտության մեջ»,-ասվում է տեքստում: Ակնկալվում է, որ 41 միլիարդ դոլար կպահանջվի 183 միլիոն ամենակարիքավոր մարդկանց օգնություն եւ պաշտպանություն տրամադրելու համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի խոսքով՝ կլիմայի փոփոխության հետ կապված ճգնաժամը հիմնականում վնաս է հասցնում բնակչության առավել խոցելի խմբերին։ Գրիֆիթսը նշել է, որ անկայունությունը սրվել է աշխարհի տարբեր մասերում՝ Աֆղանստանում, Եթովպիայում եւ Մյանմարում։ «Համաճարակը դեռ չի ավարտվել, աղքատ երկրները զրկված են պատվաստանյութերից»,-հավելել է նա։