Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՍԱՆՍԱ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն ու հումքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍԱՆՍԱ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն:  Ջերմատանը նախատեսվում է աճեցնել վարդեր: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20․5 մլն դրամ: