Deutsche Bank-ի վերլուծաբանները կարծում են, որ նավթի գները հաջորդ տարի կարող են ընկնել 60 դոլարից ցածր բարելի դիմաց: Ինչպես գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանկի զեկույցը, դա կարող է տեղի ունենալ ավելցուկային առաջարկի զգալի աճի պատճառով, եթե նույնիսկ ՕՊԵԿ+-ի երկրները հետաձգեն արդյունահանման նախատեսված աճը մինչեւ ապրիլ։

Ըստ վերլուծաբանների՝ սխալ կլինի արտադրության աճի դադարը լավատեսական համարել՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ, քանի որ դա ներառված էր հաշվարկային մոդելում։
Առաջին եռամսյակում նավթի շուկան, ինչպես ակնկալում են վերլուծաբանները, կշարունակի մնալ ավելցուկային վիճակում։ Եկող տարեվերջին վերադարձ է սպասվում 2019 թվականի նախահամաճարակային մակարդակին:

Իր հերթին, Jefferies ներդրումային բանկի վերլուծաբան Քրիստոֆեր Վուդը կարծում է, որ նավթի գները կարող են աճել մինչեւ 150 դոլար բարելի դիմաց, եթե հիմնական կորոնավիրուսային սահմանափակումները չեղարկվեն:

«Նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 80 դոլարը` այն ժամանակ, երբ Ասիայի մեծ մասը, այդ թվում՝ Չինաստանը, գրեթե փակ են մնացել։ Ամբողջովին բաց աշխարհում գինը կարող է բարձրանալ մինչեւ 150 դոլար»,- ասել է Վուդը:

Գների ներկայիս մակարդակի համեմատ նավթը կթանկանա ավելի քան 100 տոկոսով։ Վառելիքի թանկացումը կապված է լինելու նաեւ նրա հետ, որ հիմա նավթի մեջ ոչ ոք ներդրումներ չի կատարում, բայց բոլորը շարունակում են սպառել այն։

Չնայած նրան, որ վերջին տարիներին «քաղաքական հարձակումների» պատճառով նավթի մշակման եւ արդյունահանման մեջ ներդրումները նվազել են` 2020 թվականին դա չխանգարեց բավարարել հանածո վառելիքից էներգիայի համաշխարհային պահանջարկի 84 տոկոսը, եզրակացրել է վերլուծաբանը։