Ես Սոչիում ընդունված եռակողմ փաստաթղթում հայկական շահի հետ համադրվող որեւէ կետ չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այնտեղ հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը գերիների մասով, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ պարզ գրված էր, որ բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն, որը չի իրականացվում արդեն մեկ տարի: Հետեւաբար, չիրականացված կետի վրա հղում անելը աբսուրդ է: Ես կարծում էի, որ ՎՎ հարչապետը գոնե հատուկ կարծիք կգրեր այդ փաստաթղթին կից կամ որեւէ այլ ձեւով կարտահայտեր իր վերաբերմունքը, քանի որ մեկ տարի է անցել եւ մենք  չունենք գերիների վերադարձ: Ավելին, Ալիեւը հայտարարում է, որ նրանք ռազմական հանցագործներ են, իրենք գերիներ չունեն իրենց մոտ»,-ասաց նա:

Թովմասյանի խոսքով, այս պահին սահմանազատման գործընթաց կարող է սկսվել, բայց դա մեզ ամենեւին ձեռնտու չէ. «Որովհետեւ ստացվում է, որ մենք այդ ճանապարհով Արցախի վրա փակում ենք մեր վերջին դուռը եւ Արցախը մնում է  Ադրբեջանի կազմում անկլավի կարգավիճակով: Մենք դա երբեք չենք կարող թույլ տալ, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը չի հստակեցվել»: