Տանզանիայի տարածքում սառած հրաբխային մոխրի մեջ մնացած տարօրինակ հնագույն ոտնահետքեր հայտնաբերելով՝ գիտնականները սկզբում որոշել են, որ դա հետեւի ոտքերի վրա քայլող արջի հետք է: New Scientist գիտական հրապարակման համաձայն՝ նոր վերլուծությունը ցույց է տվել, որ հետքերն, այնուամենայնիվ, մարդու են պատկանել։ Ավելի ճիշտ՝ անհետացած մարդկային տեսակի, որի քայլվածքը չափազանց անսովոր է եղել։

Անհայտ հոմինիդը, որից միայն սառած մոխրի վրա հետքեր են պահպանվել, ապրել է մոտ 3,7 միլիոն տարի առաջ: Դատելով հետքերից՝ այս մարդանման արարածը շատ ու շատ տարօրինակ կերպով է շարժվել։

«Պատկերացրեք մարդու, որը քայլում է ոտքերը խաչելով։ Խոսքը բեմական քայլվածքի հիպերտրոֆիկ տարբերակի մասին է, որը մոդելները ցուցադրում են պոդիումի վրա»,- ասում են հետազոտողները։

Թե կոնկրետ ինչ հոմինիդ է թողել տարօրինակ հետքեր՝ գիտնականները չգիտեն։ Նշվում է, որ դրանք նման չեն մյուս հետքերին, որ գտնվել են Լաետոլիի տարածքում, որտեղ հայտնաբերվել է գտածոն։ Ավելի վաղ այս տարածքում հայտնաբերվել են աֆարյան ավստրալոպիտեկների, ինչպես նաեւ ուղիղ քայլող հոմինիդների հետքեր, որոնք ապրել են մոտ 3,6 միլիոն տարի առաջ: Սակայն, նոր գտածոն փակուղի է մտցրել գիտնականներին: Հավանաբար հետագա դաշտային հետազոտությունները կարող են հանգեցնել նոր բացահայտումների, որոնք լույս կսփռեն տարօրինակ հետքերի առեղծվածի վրա: