Թուրքիան հստակություն է ակնկալում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության կարգավորմանը միջնորդական մասնակցության հարցում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ դեկտեմբերի 3-ին նախատեսված բանակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի վաղ մենք արդեն շատ կարեւոր ներդրում ենք ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում։ Ինչ նոր հեռանկարներ կլինեն [հարաբերությունների կարգավորմանը նպաստելու], մենք, ամենայն հավանականությամբ, կիմանանք վաղը՝ առաջնորդների բանակցություններից հետո»,- ասել է նա NTV-ի եթերում։ Նա հաստատել է, որ Անկարան ուշադիր հետեւում է Ուկրաինայում տիրող իրավիճակին եւ պատրաստ է օգնել լուծել առկա խնդիրները։

«Մենք կողմնակից ենք, որ բոլոր խնդիրները եւ կոնֆլիկտային իրավիճակները Սեւծովյան տարածաշրջանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Մեր նախագահը դա անընդհատ կրկնում է: Վաղը նախատեսված է նրա հանդիպումը պարոն Պուտինի հետ։ Թեման վերաբերում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններին»,- ասել է նա։

Խոսելով Սիրիայում Անկարայի եւ Մոսկվայի փոխգործակցության մասին՝ Աքարը նշել է, որ «Իդլիբում խնդիրներ կան»՝ կապված հարձակումների հետ, ինչի համար Թուրքիան մեղադրում է «Բաշար ալ-Ասադի ռեժիմին՝ Սիրիայի նախագահին»։ «Սակայն Էրդողանի եւ Պուտինի միջեւ Սոչիում [սեպտեմբերին] բանակցություններից հետո հրադադարն այժմ հիմնականում վերականգնվել է։ Մենք խախտումների տպավորիչ անկում ենք տեսնում. ընդհանուր առմամբ, սիրիական հարցում մեր հարաբերությունները շատ ավելի պարզ են դարձել եւ ավելի լավ ձեւաչափով են զարգանում»,- ասաց նա։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդները կարող են հեռախոսազրույց ունենալ դեկտեմբերի 3-ին, որի ընթացքում հնարավոր է քննարկել Ուկրաինայի թեման։ Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ դառնալու Թուրքիայի պատրաստակամության մասին՝ Պեսկովը նշել է, որ դա կախված է նրանից, թե ինչպես կարտահայտվի նման միջնորդությունը։