ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրինյանը։

Նշենք, որ այսօր դատարանը քննում էր Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

«Թե որտեղի՞ց էր դատախազությունը վերցրել դա, ընդ որում դա ընդամենը նամակագրություն է եղել, դա չգիտես՝ որտեղից հայտնվում է դատախազության տիրույթում։ Որպես այդպիսին գործ չկա, սա քաղաքական հետապնդում է։ Դուք նկատել եք, որ ես պարբերաբար քննադատել եմ այս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Նորից ուզում եմ ասել՝ թրքահաճո, թրքահպատակ քաղաքականությունը, որը Հայաստանն ուղղակի կործանման է տանում. միշտ հնչել են այդ մտքերը։ Ինձ միշտ ասել են՝ էս կենդանուն մի քննադատի ու խնդիր չես ունենա, բայց ես չեմ լռելու»,- նշեց նա։

Շիրինյանի խոսքով՝ իրենց կողմից արված քննադատություններին իշխանությունը չի արձագանքում, որը, ըստ նրա, նշանակում է՝ իշխանությունը լուռ ընդունում է այդ քննադատությունները.

«Ուժային կառույցները այս իշխանությունների ձեռքին դարձել են բութ գործիք։ Այս իշխանությունները հոգեվարքի մեջ են»։