Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից  մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները, ընկերները վերջին հրաժեշտը տվեցին  պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանին։ Նշենք, որ որդու աճյունը պետական մարմինները մորը՝ Նաիրիա Մելիքյանին են հանձնել օրեր առաջ։

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 աճյուն: Հայկի մասունքը եղել է այդ աճյունների թվում։

Հայկ Մելիքյանի ընտանիքի բարեկամ Անահիտ Մանասյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Ադրբեջանական կողմը հետեւել է մեր տաներին, ուժեղ հրետանավորների դիվիզիոն էր, տղաները բավական լավ իրենց մարտական առաջադրանքները կատարում էին, եւ նույնիսկ դիրքային առաջխաղացումներ էին ապահովում, ուստի ադրբեջանցիները հետամուտ էին, որ վերացնեն այդ դիվիզիոնը: Դա նրանց հաջողվեց հրամանատարական կազմի սխալների պատճառով: Նրանք հավաքել էին երեխաների մարմինները եւ չէին տալիս: Մի մասին մեր ծնողներն իրենք են գտել խրամատներից, իսկ մյուս մասին նրանք չէին տալիս: Մեկ տարի բանակցել ենք ԱԱԾ-ն, ծնողները: Բանակցությունների արդյունքում մենք կարողացել ենք մեր երեխաների կմախքները հետ ստանալ:  21 հոգուց 20-ին գտել ենք, հրամանատարը դեռ չի գտնվել»,-ասաց նա:

Անահիտ Մանասյանի խոսքով, հիմնական աշխատանքները տարել է Արցախի ԱԻՆ-ը, Հայաստանի ԱԱԾ-ն է շատ օգնել, ՄԻՊ-ը, ՄԻԵԴ-ի ներկայացուցչությունը:

«Մենք արդարադատության հասնելու ենք, հետ չենք կանգնելու:Բոլոր դասալիք սպաները, մեղավորները, այդ թվում հրամանատարական կազմից, պետք է պատասխան տան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք ցորի հրետանավորներն էին։