2021 թվականի դեկտեմբերի 6-ից 12-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա նահանգում կկայանա Seaside Startup Summit նախագիծը, որը կկազմակերպվի նոր՝ «SSSholidays» ձևաչափով։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տարբեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, աջակցություն կցուցաբերի միջոցառման կազմակերպիչներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս միջոցառումը լուրջ հնարավորություն է ընձեռում հայ գործարարներին ընդլայնելու իրենց գործնական շրջանակները թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛ ՀՀ ողջ էկոհամակարգի շրջանում։ Այն նաև շատ կարևոր է ՀՀ և ԱՄԷ բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Միջոցառման շրջանակում շուրջ 20 ստարտափ թիմեր կանցնեն հատուկ մշակված կրթական ծրագիր և կմասնակցեն մրցույթի, որի մրցանակային ֆոնդը կազմում է $10.000:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև մասնակիցների այցելություն Էքսպո 2020 Դուբայ  ցուցահանդես։ Ստարտափ Արմենիա հիմնադրամը ցուցահանդեսի հայկական տաղավարի հետ միասին կկազմակերպի հայկական ստարտափների նախաներկայացում, որը կանցկացվի SSSholidays-ի շրջանակներում Expo 2020 Dubai ցուցահանդեսի «Opportunity District»-ում։

Ստարտափ Արմենիա հիմնադրամը 2016 թվականից ի վեր կազմակերպում է Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա նախագիծը։ 2018 թվականին նախագիծը ստացավ միջազգային համբավ և առաջին անգամ անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և այնուհետև Հնդկաստանում՝ Seaside Startup Summit անվան ներքո։ Այս տարիների ընթացքում «SSS»-ը հյուրընկալել է ավելի քան 25 000 մասնակից աշխարհի 90 երկրից: Նախագծի մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 350 000 ԱՄՆ դոլար, իսկ միջոցառումների ընթացքում կատարված ներդրումները գերազանցել են 4 միլիոն ԱՄՆ դոլարը։ Գործունեության 5 տարիների ընթացքում միջոցառումը լուրջ դերակատարում է ունեցել մեր երկրում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն յուրահատուկ դեր ունի Սփյուռքում ստարտափ ոլորտում հաջողված մեր հայրենակիցների և տեղական էկոհամակարգի միջև կապերի ձևավորման և զարգացման գործընթացում։