Մենք հույս ունեինք, որ հրաշք կլինի ու «Ցորի» զորամասի տղաներից փրկվածներ կլինեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ասաց հրետանավոր Արթուրի հայրը։

Նշենք, որ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է տեղի ունենում։

«Ինչու եմ ասում՝ տղաներից փրկվածներ կլինեն, քանի որ դեպքից օրեր անց ադրբեջանական մեդիահարթակում արդեն տեսագրություններ կար «Ցորի» Դ-20-ի կրակային դիրքի վերաբերյալ, որտեղ հստակ մեր տղաների 10 մարմիններ առկա էին։ Ամիսներով փնտրում էինք։ Առաջին անգամ, որ մտանք  կրակային դիրք, չգտանք մեր տղաներին, մարմինների հետքերը երեւում էին, բայց մարմինները չկային, այնտեղից հանեցինք 5 մարմիններ, մնացածից տեղեկություն չստացանք, դրանից հետո եւս 2 տղաներին գտանք։ Տեսանք, որ այս հարցերի հանգուցալուծումը վատագույն ձեւով եղավ, երկար չարչարումներից հետո ադրբեջանական կողմն ի վերջո մեզ փոխանցեց մեր տղաների մասունքները։ 20 հոգուց ոչ ոք կենդանի չեն, հույս ունենք, որ գոնե  փոխգնդապետ Հայրապետյանը ողջ է եւ մեր հարցերին կպատասխանի»,- ասաց նա։

Նշենք, որ շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են նոյեմբեր ամսին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ. նրանք ցորի հրետանավորներն էին։