Լիբիայի դատարանը չեղարկել է երկրի բարձրագույն ընտրական մարմնի որոշումը, որով Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիի որդին զրկվել էր գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, հայտնում է AP-ը։

Հարավային Սաբհա նահանգի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի, հայտնում են լիբիական լրատվամիջոցները։

Անցյալ շաբաթ Սեյֆ ալ-Իսլամը բողոքարկել էր Լիբիայի Գերագույն ազգային ընտրական կոմիտեի որոշումը, որն իրեն արգելում էր առաջադրվել՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված լինելու պատճառով:

Քվեարկության առաջին փուլը կկայանա դեկտեմբերի 24-ին, թեեւ մինչ այդ անհրաժեշտ է լուծել մի շարք վիճահարույց հարցեր։ Անհասկանալի է մնում, թե արդյոք Սեյֆ ալ-Իսլամի թեկնածության դեմ կարող են լինել հետագա իրավական առարկություններ: Թվիթերում նա շնորհակալություն է հայտնել դատավորներին «հանուն ճշմարտության» իրենց անձնական անվտանգությունը վտանգելու համար, ինչպես նաեւ իր ընտանիքին եւ աջակիցներին:

Լիբիան քաոսի մեջ է այն բանից հետո, երբ 2011 թվականին ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունը տապալեց Մուամար Քադաֆիին: