Իսրայելը հայտարարել է, որ կդադարի օգտագործել հեռախոսների վերահսկման վիճելի տեխնոլոգիան՝ «օմիկրոնի» հնարավոր դեպքերը վերահսկելու համար մի քանի օր անց այն բանից հետո, երբ դա թույլատրվել է որպես արգակարգ միջոց, հաղորդում է AP-ը:

Այս շաբաթվա սկզբին կառավարությունը հայտարարել է արտակարգ միջոցների փաթեթի մասին, ներառյալ՝ ճանապարհորդության սահմանափակումները եւ երկրի ներքին անվտանգության գործակալությանը  հեռախոսային մոնիթորինգի տեխնոլոգիա կիրառելու թույլատրումը։

Սակայն երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակից հայտնել են, որ «բջջային մոնիթորինգը» չի երկարաձգվի:

Չեղարկումը տեղի է ունեցել հանրային քննադատությունից հետո։Կառավարության մի քանի անդամներ դեմ են քվեարկել տեխնոլոգիայի կիրառմանը, իսկ օմբուդսմենն ասել է, որ այն անարդյունավետ է:

Առողջապահության նախարար Նիցան Հորովիցը Twitter-ում ասել է, որ «այդ գործիքի օգտագործումը կլինի սահմանափակ եւ կարճատեւ՝ մի քանի օր հրատապ տեղեկատվություն ստանալու, վարակը նոր, անհայտ տարբերակով դադարեցնելու համար»:

Իսրայելական իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են տեխնոլոգիայի կիրառումը, որը կարող է հետեւել, թե որտեղ է եղել մարդը եւ ում հետ է հանդիպել՝ որպես գաղտնիության իրավունքի խախտում: Այս տարվա սկզբին Գերագույն դատարանը որոշում է կայացրել սահմանափակել դրա օգտագործումը: