Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նվազել է ուրբաթ օրը այն բանից հետո, երբ վարկանիշային Fitch գործակալությունը փոխել է երկրի կանխատեսումը կայունից դեպի բացասական՝ դրամավարկային քաղաքականության ուղղության հետ կապված ռիսկերի պատճառով, փոխանցում է Reuters-ը։

Փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 13.75-ը, ինչը մոտ 0.6 տոկոսով ցածր է հինգշաբթի օրվա փակման համեմատ, եւ այս տարի դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի մոտ 46 տոկոսը:

Այս շաբաթ արժույթն ընկավ մինչեւ 14.0 լիրա պատմական նվազագույն այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանը կողմ հանդես եկավ ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը:

Վարկանիշային գործակալությունը Կենտրոնական բանկի թուլացման ցիկլը, որը սկսվել է սեպտեմբերին, չնայած գնաճի արագացմանը, վաղաժամ է անվանել եւ հայտարարել է, որ այն վատթարացրել է ներքին վստահությունը, որն արտացոլված է արժույթի կտրուկ արժեզրկմամբ:

 

«Խորապես բացասական իրական տոկոսադրույքների պահպանումը կարող է ավելի խաթարել ներքին վստահությունը՝ մեծացնելով ֆինանսական կայունության ռիսկերը, օրինակ, եթե ավանդատուների վստահությունը խաթարվի եւ պոտենցիալ վտանգի տակ դնի բանկերի եւ կորպորացիաների մինչ այժմ կայուն հասանելիությունն արտաքին ֆինանսավորմանը»,- ասվում է Fitch-ի զեկույցում: 

Սեպտեմբերից Կենտրոնական բանկը նվազեցրել է իր տոկոսադրույքը 400 բազիսային կետով՝ մինչեւ 15 տոկոս, սակայն կառավարիչը հասկացրել է, որ ագրեսիվ քաղաքականության թուլացումը, հավանաբար, կդադարի հունվարին՝ այս ամսվա մեջ տոկոսադրույքի մեկ այլ իջեցումից հետո: