Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականները օրվա ընթացքում այցելել են Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերը եւ խաղաղապահ ուժերին բժշկական օգնություն ցուցաբերելու մի շարք առաջադրանքներ են կատարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դիտակետերում կանխարգելիչ աշխատանքների ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի եւ սեզոնային այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բուժծառայության մասնագետներն ախտահանել են ընդհանուր օգտագործման, սննդի, սպորտով զբաղվելու եւ զինվորականների տեղավորման  տարածքները։ Յուրաքանչյուր դիտակետում զինվորական բժիշկները տեղակայել եւ կազմակերպել են զինծառայողների շուրջօրյա ջերմաչափական կետեր։

«Դիտակետում ես ամեն օր մի շարք առաջադրանքներ եմ կատարում՝ անձնակազմի կենսագործունեության բժշկական ապահովման համար։ Ես նաեւ հակաքովիդային գործողությունների մի շարք միջոցառումներ եմ իրականացնում»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Նիկոլայ Կուզնեցովը։

«Ես ծառայում եմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում 2013 թվականից։ Ես ընտրեցի զինվորական կարիերան, քանի որ այսօր զինված ուժերի հետեւում տեսնում եմ ե՛ւ սոցիալական, ե՛ւ նյութական կայունություն»,- հավելել է նա։ Նաեւ ռազմական բժիշկները շարունակում են ռուս խաղաղապահների պլանային վերապատվաստումները Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված հեռավոր դիտակետերում։

Օրվա ընթացքում շարժական բժշկական խմբերը Լեռնային Ղարաբաղի դիտակետերում պատվաստել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավելի քան 150 զինվորականի։ Sputnik-V պատվաստանյութի ստացումից ի վեր վերապատվաստվել է խաղաղապահ ուժերի զինվորական անձնակազմի մոտ 75 տոկոսը: