ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն (Հաագա). որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիրակոսյանը կմեկնի Հաագա՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունն ապահովելու նպատակով։

Նա Նիդերլանդներում կլինի դեկտեմբերի 6-8-ը ներառյալ:

Եղիշե Կիրակոսյանը գործուղումից վերադառնալուց հետո վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ: