Հայաստանում բնակվում է հաշմանդամություն ունեցող 196849 քաղաքացի։

Առաջին խմբի հաշմանդամների թիվը 9639 է, երկրորդ խմբինը՝ 67666, երրորդ խմբինը՝ 110 353։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։

Նա հավելեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 9191 է։

«Անժամկետ հաշմանդամություն ունեցող խմբում ընդգրկված է մոտ 145 հազար քաղաքացի»,-նշեց Ստեփանյանը։

Նա պարզաբանեց, որ 2020 թվականին արցախյան պատերազմից հետո հետազոտություն է իրականացվել 1962 անձի նկատմամբ, որոնցից 1488-ը ստացել է հաշմանդամություն, այդ թվում՝ առաջին խումբը՝ 113, երկրորդ խումբը՝ 394, երրորդ խումբը՝ 981։

«Հետագայում ավելի շատ հետազոտություններ կկատարվեն: Այս կատեգորիայի հաշմանդամների թվի նվազման միտում կա հատկապես երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների շրջանում։ Անդամահատված վերին վերջույթներով 20 զինծառայողների եւ անդամահատված ստորին վերջույթներով 102 զինծառայողների պրոթեզավորման գործընթացը գրեթե ավարտված է։ Եվս երեք զինծառայողի պրոթեզավորումն ընթացքի մեջ է»,-նշեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ պետությունը տրամադրում է նաեւ ծառայությունների եւ իրերի (պրոթեզներ, սայլակներ եւ այլն) ստացման վկայականներ։