2022 թվականի փետրվարից Հայաստանը կանցնի հաշմանդամության գնահատման նոր մոդելի, այլեւս չի լինի հաշմանդամության դասակարգումը ըստ երեք խմբերի, այլ կներդրվի ֆունկցիոնալության աստիճանի գնահատման համակարգ՝ թեթեւ, միջին, ծանր եւ այլն։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։

Նա պարզաբանեց, որ արդյունքում կվերանայվեն սոցիալական աջակցության փաթեթները, որոնք կանխարգելիչ նպատակներով կարող են տրամադրվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց ցուցակում չընդգրկված անձանց։

«Շահառուին կարող են տրամադրվել եւ՛ նպաստներ, եւ՛ ծառայություններ (այդ թվում՝ լոգոպեդի, հոգեբանի, անձնական օգնականի եւ այլն), կամ միայն նպաստ, կամ միայն ծառայություններ։ Նոր համակարգը լինելու է ամբողջությամբ էլեկտրոնային՝ բժիշկների ընտրության ավտոմատացված ընթացակարգով»,-ընդգծեց փոխնախարարը։

Ստեփանյանը հավելեց, որ անձնական օգնականի համակարգը կարող է ներդրվել 2022 թվականի ամռանից ոչ շուտ։