«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Քրիստինե Գրիգորյանը 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնականը, 2011-2014 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, 2012-2014 թթ․՝ ԱԺ նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015թթ․՝ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար։ 2015-2018թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի, 2018թ.-2019թթ․՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ միջազգային իրավական հարցերով խորհրդականի, 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ԱԺ նախագահի՝ միջազգային իրավական հարցերով խորհրդականի պաշտոնները։

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ապրիլի 6-ին՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։