Կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի դանդաղեցման։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան՝ ելույթ ունենալով Reuters Next օնլայն ֆորումում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրան խնդրել են մեկնաբանել նոր շտամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վերականգնման վրա։ «Եկեք անկեղծ լինենք։ Նոր շտամը, որը կարող է շատ արագ տարածվել, ունակ է խաթարել վստահությունը։ Եվ այս առումով մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք հոկտեմբերին մեր կողմից արված համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների որոշակի նվազման»,-ասել է նա։ 

Ըստ Գեորգիեւայի՝ հիմնադրամը «նույնիսկ այս նոր շտամի ի հայտ գալուց առաջ մտահոգված էր, որ համաշխարհային տնտեսական վերականգնումը, թեեւ շարունակվում է, բայց կորցնում է որոշակի իմպուլսը»: