ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես մարդասիրական բացառություն թույլատրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի այրու եւ երկու երեխաների ճանապարհորդությունները։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ճամփորդական սահմանափակումների չեղարկումը վերաբերում է Քադաֆիի նախկին կնոջը՝ Սաֆիյա Ֆարկաշին, ինչպես նաեւ նրա երկու երեխաներին՝ դստերը՝ Աիշա Քադաֆիին եւ ավագ որդուն՝ Մուհամեդ Քադաֆիին։ Երեքն էլ ավելի վաղ քաղաքական ապաստան էին ստացել Օմանում։ Սահմանափակումները հանվում են վեց ամիս ժամկետով՝ մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը։ «Այսպիսով, այդ անձինք իրավունք ունեն նշված ժամանակահատվածում մարդասիրական նպատակներով ճանապարհորդել»,-ասվում է հայտարարության մեջ։