Հնդկաստանն ու Ռուսաստանը տիեզերքի համատեղ հետազոտության ոլորտում տարբեր նախագծեր են քննարկում, այդ թվում՝ Լուսնի յուրացումը։ Այս մասին շաբաթ օրը Նյու Դելիում ռուս լրագրողներին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շատերը մտածում են Լուսինը համատեղ յուրացնելու մասին, սա նույնպես մեր փոխանակումների օրակարգում է։ Մենք ինչ-որ ձեւով մտածում ենք տիեզերակայաններ ստեղծելու մասին, դա դեռ պետք է մասնագիտորեն ​​քննարկվի: Դժվար է ասել, թե ինչպես կլինի, բայց հարցը օրակարգում է։ Այս բոլոր թեմաները մինչեւ վերջերս աներեւակայելի էին: Էլ չենք խոսում այն ​​մասին, որ Ռուսաստանը հպարտ է, որ Լուսնի եւ օդաչուավոր տիեզերագնացության յուրացման մեր փորձն օգտագործվում է հնդկական «Չանդրայան» եւ «Գագանյան» առաքելություններում, ասել է դեսպանը։

«Չանդրայանը» Լուսնի հետախուզման հնդկական ավտոմատ կայան է, իսկ «Գագանյանը» առաջին հնդկական օդաչուավոր տիեզերանավի նախագիծն է, որն առաջիկա տարիներին կմեկնի Երկրի ուղեծիր:

«Տիեզերքի ոլորտում երկու երկրները քննարկում են ոչ միայն շարժիչների մատակարարման, այլեւ համատեղ շարժիչների կառուցման, ծանր, թեթեւ եւ գերթեթեւ հրթիռների համատեղ մշակման, արբանյակների համատեղ ստեղծման հարցերը»,- ասել է Կուդաշեւը։