Շաբաթ օրը Վիեննայում մի քանի հազար մարդ նոր կորոնավիրուսի դեմ սահմանափակող միջոցների եւ պարտադիր պատվաստումների դեմ խաղաղ ցույցերի է դուրս է եկել։ Անվտանգությունն ապահովում են մոտ 1200 ոստիկաններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վիեննայում, ընդհանուր առմամբ, հայտարարվել է գրեթե 20 ցույց։ Հիմնական հանրահավաքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Հելդենպլացի հրապարակի մոտ։ Ցուցարարները կաթվածահար են արել ողջ երթեւեկությունը եւ մտադիր են մինչեւ երեկո երթով շարժվել Ռինգշտրասսեով: Ցուցարարները պայքարում են կորոնավիրուսի դեմ պատվաստման քաղաքացիների ազատ որոշման համար։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարգախոսներ են հնչում՝ վերջին ամիսներին Ավստրիայի Ժողովրդական իշխող կուսակցության ղեկավարության փոփոխության պատճառով կառավարության աղմկահարույց վերադասավորումների ֆոնին: Ցուցարարները բողոքում են նաեւ Վիեննայի քաղաքապետ Մայքլ Լյուդվիգի դեմ, ով համարվում է սահմանափակող միջոցների հիմնական նախաձեռնողը։

Ավստրիայում համավարակի չորրորդ ալիքի պատճառով եւ COVID-19-ի ռեկորդային հիվանդացության ֆոնին առողջապահական համակարգի փլուզումից խուսափելու համար նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 12-ը համազգային լոքդաուն եւ տնից դուրս գալու սահմանափակումներ են մտցվել։ Լոքդաունը եւ 2022 թվականի փետրվարից COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումներ մտցնելու ծրագիրը ավստրիական հասարակության մեջ դժգոհություններ է առաջացրել եւ հանգեցրել է աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերի, որոնց ամբողջ Ավստրիայում հանգստյան օրերին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: