Կորոնավիրուսի omicron-շտամը կարող է ձեռք բերել իր մուտացիաներից մեկը՝ ընդհանուր մրսածություն առաջացնող վիրուսից գենետիկ նյութի մի կտոր վերցնելով: Այսպիսի եզրակացության են եկել տվյալների վերլուծության մեջ մասնագիտացած nference ընկերության փորձագետները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Փորձագետները պարզել են, որ նշված գենետիկական հաջորդականությունը չի հայտնաբերվել SARS-CoV-2-ի նախորդ տարբերակներում, սակայն այն կարելի է հայտնաբերել այլ վիրուսներում, այդ թվում՝ շնչառական, ինչպես նաեւ՝ մարդու գենոմում։

«Այս հատվածը ներառելով՝ omicron-ը դարձել է ավելի մարդկային, ինչը թույլ կտա նրան խուսափել իմունային համակարգի հարձակումներից»,- պարզաբանել է հետազոտական խմբի ղեկավար Վենկի Սունդարաջանը։

Նրա կարծիքով՝ այս մոդիֆիկացիայի շնորհիվ վիրուսի համար ավելի հեշտ է մի օրգանիզմից մյուսին անցնելը, սակայն հիվանդությունն ինքնին կանցնի թեթեւ կամ առանց ախտանիշների։

Համաձայն ավելի վաղ ուսումնասիրությունների՝ թոքերի եւ աղեստամոքսային տրակտի բջիջները կարող են միաժամանակ պարունակել ինչպես SARS-CoV-2, այնպես էլ սովորական մրսածության վիրուս: Հետագայում նման համախտանիշը դառնում է վիրուսային ռեկոմբինացիայի հիմք (գործընթաց, երբ երկու վիրուս վարակում են նույն բջիջը, ստեղծում իրենց սեփական եւ նոր պատճենները՝ երկու «ծնողների» գենետիկ կտորներով - խմբ.):