Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։

Հեռակառավարվող ռումբը հայտնաբերվել է հանրահավաքի անվտանգությունը ապահովող ոստիկաններից մեկի մեքենայի տակ։ Ինչպես պարզաբանել է թերթը, պայթուցիկ սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել է Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։

Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արեւելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք էր ժամանել շաբաթ օրը՝ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալու համար։