Ավելի քան 20 երկրներ եւ Եվրամիությունը ներկայացել են համատեղ հայտարարությամբ՝ «խորին մտահոգություն» հայտնելով աֆղանական անվտանգության ուժերի նախկին աշխատակիցների ենթադրյալ սպանությունների ու բռնի անհետացումների կապակցությամբ:

«Մենք ընդգծում ենք, որ ենթադրվող գործողությունները մարդու իրավունքների լուրջ խախտումներ են ենթադրում եւ հակասում են թալիբների հայտարարած համաներմանը: Մենք կոչ ենք անում «Թալիբանին» արդյունավետորեն ապահովել աֆղանական անվտանգության ուժերի նախկին անդամների եւ կառավարության նախկին պաշտոնյաների համաներումը»,-ասվում է 21 երկրների եւ Եվրամիության համատեղ հայտարարության մեջ:

Նրանք հայտարարել են, որ սպանությունների կամ բռնի անհետացման մասին ցանկացած հաղորդագրությունները պետք է հետաքննվեն անհապաղ եւ թափանցիկ եղանակով, եւ կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նրանք նաեւ հայտարարել են, որ այդ քայլերը պետք է հստակ ներկայացվեն հանրությանը՝ որպես հետագա սպանությունները եւ անհետացումներն անհապաղ զսպելու միջոց: «Մենք կշարունակենք գնահատել թալիբներին իրենց գործողություններով»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Human Rights Watch-ը, որին համատեղ հայտարարության մեջ անվանում են կազմակերպություններից մեկը, որը փաստաթղթավորել է այդ հարցը, հրապարակել էր հաշվետվություն, որում ասվում է, որ օգոստոսի կեսերից ի վեր աֆղանական անվտանգության ուժերի ավելի քան 100 նախկին աշխատակից է սպանվել կամ անհետ կորել: Կազմակերպությունը հայտարարել է, որ անհետացումներն ու սպանություններն իրագործվել են թալիբների կողմից՝ չնայած խոստացված համաներմանը: