ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ափսոսանք են հայտնել , որ չի հաջողվել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը Ստոկհոլմում նրանց հովանու ներքո: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագաներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաեւի (ՌԴ) ու Բրիս Ռոքֆյոյի (Ֆրանսիա) հայտարարության մեջ:

«Համանախագահները հանդիպել են Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ դեկտեմբերի 1-ին ու Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 2-ին  Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում: Համանախագահները նաեւ հանդիպել են ԵԱՀԿ նոր գործող նախագահի՝ Լեհաստանի ԱԳՆ Զբիգնեւ Ռաուի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել անցկացնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ հանդիպումը, երբ հանգամանքները թույլ կտան շարունակել քննարկումները, որոնք մեկնարկել են սեպտեմբերին Նյու Յուքում եւ նոյեմբերին Փարիզում»: