Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նույնպես այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների մեկնարկից մոտ 2 ժամ անց արդեն ստացվել են ահազանգեր, որ անձնագրային վարչությունից լրացուցիչ տեղեկանքով ընտրողների համար խնդիրներ են առաջանում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Քաղաքացիներից մեկը, օրինակ, պատմեց, որ գնացել է անձնագրային վարչություն՝ մոռանալով իր հետ տանել զինկոմիսարիատին կցագրման թերթիկը և փոխարենը իրեն ասեին, որ այդ թերթիկը պարտադիր է, որպեսզի իրեն տեղեկանք տան ընտրությանը մասնակցելու, հետաքրքրվել էին, թե ում է ընտրելու։

Անձնագրային սեղանի աշխատակիցը, իմանալով, որ տվյալ անձը գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին է ընտրելու, բավականին կոշտ տոնով ասել է՝ դե գնա, կգաս երկուշաբթի օրը։

Ի դեպ, նշենք, որ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները քաղաքում բավականին շատ են՝ հավանաբար վախի մթնոլորտ տարածելու և իշխանությունների համար ցանկալի արդյունք ապահովելու համար, ինչպես եղավ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սյունիքի տարբեր համայնքներում։

Խորհրդանշական է, որ հատուկ ջոկատայիններն առևտուրն էին անում «Գնթունիք»-ում, որի սեփականատերը, ինչպես հայտնի է, գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանն է։