Ես մեր հաղթանակի վրա վստահ եմ. մենք ամեն ինչ արել ենք, որ առողջ մրցապայքար լինի, բայց հակառակորդների կողմից ոչ ազնիվ, վարկաբեկող եւ հակաքարոզչության դեպքեր բազմիցս տեսել ենք, անգամ այսօր էլ տեսնում ենք խախտման դեպքեր, երբ թեկնածու ունենք, որ իր նկարով մեքենա է կանգնեցրել ընտրական տեղամասերից մեկի դիմաց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Դիանա Գասպարյանը:

«Մենք ահազանգել ենք ոստիկանություն: Երեկվա դրությամբ էլ տեսահոլովակ ենք տեսել լռության օրը: Իհարկե, չի նշվել, թե որ ուժին ընտրեն, բայց ակնհայտորեն քողարկված նախընտրական տեսանյութ էր: Ամեն դեպքում, այսքանով հանդերձ, ես վստահ եմ, որ էջմիածինցին կկատարի ճիշտ ընտրություն, գնահատելու է կատարված աշխատանքը եւ առաջիկա 5 տարիների կառավարումը եւս վստահելու է մեր թիմին, ՔՊ-ին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մասնակցության ցածր թվին, Դիանա Գասպարյանը դա բացատրեց եղանակային պայմաններով եւ ոչ աշխատանքային օր լինելով. «Կարծում եմ՝ մարդիկ մի քիչ երկար են քնել, կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին ակտիվացում կնկատենք»:

Հարցին, թե հայտնի ձայնագրությունից հետո ինչպե՞ս ստացվեց, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարգավորվեցին եւ ինքը կրկին առաջադրվեց իր պաշտոնի համար, նա պատասխանեց. «Մեր հարաբերությունները երբեւէ խաթարված չեն եղել, մենք ունենք փայլուն հարաբերություններ մեր քաղաքական առաջնորդի հետ, երբեւէ որեւէ խնդիր չի առաջացել: Ձայնագրությանը չեմ ուզում այսօր անդրադառնալ, երբեւէ չի էլ քննարկվել այլ թեկնածու ունենալու հարցը»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին հ¬¬¬Համացանցում տարածվել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը: Զրույցում Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից․ «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,- հեռախոսազրույցում ասել էր նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում»

Նշենք, որ ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 36 համայնքներում ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 6,15 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավգիրում եւ Էջմիածնում: Արմավիրում մասնակցությունը 1,87 տոկոս է, իսկ Էջմիածնում 3,14 տոկոս: