Ճնշումների, վախեցնելու մասին կխոսեմ ավելի ուշ, որոշ մարդկանց անվտանգությունից ելնելով. քրեական պատասխանատվության ենթարկելու ճնշումների տակ, թիմակիցներից ոմանց անգամ հանել են ցուցակներից. դրա մասին հետո կխոսեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Բայց մեր թիմը վախեցող չի, իմ թիկունքին կանգնած է վանաձորցին: Ես այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն բացառում եմ ու բացառելու եմ զուտ քաղաքական համագործակցության տեսակետից, որովհետեւ ես քաղաքական տրամաչափով չեմ մտել այս պրոցեիս մեջ: Մերը համայնքային քաղաքականություն է: Նույնիսկ եթե կան ուժեր, որոնք այս ընտրություններին չեն մասնակցում, ես իրենց հետ ունեմ համագործակցույթան եզրեր: Իմ քաղաքապետ եղած ժամանակ երբեք քաղաքական տարբերակումներով ոչ մարդիկ ընդունվել են, ոչ ազատվել են աշխատանքից:

Ինձ զիջելու միակ տարբերակը զնդանում փակելն է, ես որեւէ մեկին որեւէ բան զիջելու բան չունեմ, էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի, կուսակցականության առարկա չի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ կանի, եթե 50 տոկոսը չհաղթահարեն, Ասլանյանը վստահ արձագանքեց. «կհաղթահարենք»:

Նշենք, որ Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է, այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ: