Ապարանում ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանը 2016 թվականին եղել է ՀՀԿ-ի կազմում։ Նա այսօր՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2016 թվականին լինելով ՀՀԿ-ի կազմում՝ կուսակցական չի եղել։

Լրագրողի այն դիտարկմանը, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում մոտ 24 անձ, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուն գործազուրկ են, տպավորություն է, թե գործազուրկների բանակն աշխատանք է ուզում, թեկնածուն արձագանքեց. «Ոչ, եկել ենք մեր աշխատանքային փորձն ու պրակտիկան ի շահ դնենք ժողովրդին։ Հիմա չենք աշխատում, բայց աշխատել ենք»։

Այն դիտարկումներին, որ Ապարանի ՔՊ-ական թեկնածուն նախկինում եղել է ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական, հիմա էլ  ՔՊ-ական է, Փարվանյանն ասաց. «Ես կուսակցական չեմ եղել մինչեւ վերջերս»։

Ճշտող հարցին՝ արդյոք 2016 թվականին ՀՀԿ-ի կազմում չի՞ եղել, Փարվանյանն ասաց. «Առաջադրվել եմ, բայց ոչ կուսակցական»։

Հարցին՝ դա նշանակում է, որ եղել է նա իշխանության կողքին, այսինքն՝ ժողովրդի կողքին լինելով՝ լինել իշխանության կողքի՞ն, ստացվում է, որ նախկինների հետ է համագործակցե՞լ Փարվանյանը, նա ասաց.

«2018 թվականից իշխանությունն է ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ իշխանության կողքին է։ Դուք մանիպուլյացիա եք անում»։